Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը
ժամանակի խնդիր է համարում։ Հիմա դա չանելու պատճառներից մեկը, ըստ նրա, Ռուսաստանն
է, քանի որ նա է հանդիսանում դրա շահառուն, իսկ հիմա այդպես հարվածելը ՌԴ-ին կարող
է խնդրահարուց լինել։ Հաջորդ պատճառը՝ Արևմուտքի մեր դաշնակիցները իրենք էլ պատրաստ
չեն Կովկասում իրավիճակի բարդացմանը, քանի որ Հայաստանի այդ որոշումը կարող է խնդիրներ
առաջացնել Կովկասում։
ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցություններն
ավելի ակտիվացան նաև Հայաստան-Բելառուս հարաբերություններով պայմանավորված։
«Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի
ագրեսիոն քաղաքականությունները սպասարկելու մասին Լուկաշենկոյի հայտարարությունները
չպետք է ընդունել որպես միայն Լուկաշենկոյի հայտարարություններ։ Դրանք Վլադիմիր Պուտինի
հայտարարություններն են։ Տարածաշրջանում ստատուս-քվո փոխելու համար, այն դեպքում, երբ
Ռուսաստանը մեծ ներդրում է ունեցել և մեծ խաղացող է եղել այդ ստատուս-քվոյի մեջ, առնվազն
պետք է ունենալ Պուտինի համաձայնությունը։ Լուկաշենկոյի ֆլիրտները և համագործակցությունները
Ադրբեջանի հետ չէին կարող դեմ լինել Ռուսաստանի պլաններին կամ շահերին, եթե Ռուսաստանը
դա չցանկանար։ Ադրբեջանին ցուցաբերված օգնությունը եղել է բացարձակապես Պուտինի պլանով»,-
ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Բելառուսը, ըստ փորձագետի, խաղում
է այն խաղը, որը նրան ասել է Վլադիմիր Պուտինը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կեղծ
տեղեկություններին, թե հայկական կողմը կրակ է բացում հայ-ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,
ապա դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը որևէ շահագրգռվածություն չունի խաղաղության
պայմանագիր ստորագրելու։ Դա ստորագրելով, ըստ Սաֆարյանի, նա փակում է իր բոլոր հավակնությունները
Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը դիրքավորվում է մի քանի զարգացումների համար. «Ադրբեջանը
ստեղծել է բոլոր օրակարգերը։ Երբ տեսնում է՝ միջազգային իրավիճակը խստանում է այդ խնդիրների
համար, սկսում է քիչ խոսել դրանց մասին՝ օրակարգում առաջնահերթությունները փոխելով»։
Բացի դրանից, ըստ Սաֆարյանի,
կրակոցների մասին կեղծ հաղորդագրությունները նաև այլ նպատակ ունեն՝ փորձում է դրդել
ԵՄ անդամ երկրներին և ԱՄՆ-ին վերանայել իրենց որոշումները և չշարունակել սպառազինել
Հայաստանին. «Ալիևը փորձում է ցույց տալ, որ այդ մատակարարումները սկսել են նեգատիվորեն
ազդել տարածաշրջանի վրա, որ հայերը ԵՄ-ից զենքը վերցնում են, կրակում են իրենց վրա
և այլն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան